• Thu. May 16th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը պարապուրդի է մատնվա՞ծ. ինչու է պառակտվել ավագանին

ByEditor

Mar 28, 2023

Սպիտակում ՔՊ-ականների արշալույսներն այնքան էլ խաղաղ չեն: Իշխող կուսակցությունը Սպիտակում բաժանվել է թեւերի, որոնք միմյանց նկատմամբ հակամարտության մեջ են։ Սպիտակի ավագանու ՔՊ-ական անդամները բոյկոտում են ավագանու նիստերը, ինչի հետեւանքով ավագանու նիստեր տեղի չեն ունենում։ Սպիտակի ավագանիում ՔՊ-ն ունի ավագանու 16 անդամ, ընդդիմությունը՝ «Իմ հզոր համայնք» դաշինքը՝ 8 մանդատ, եւ մեկ մանդատ էլ՝ Դաշնակցությունը։

Ավագանիում պառակտվածության պատճառը համայնքապետի հետ է կապված, նիստերին մշտապես ներկայացողները համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի կողմնակիցներն են, մյուս մասն էլ, որ բոյկոտում է, ցանկանում է իրենցից մեկին տեսնել համայնքապետի պաշտոնում։ Սպիտակում անգամ լուրեր են շրջում, որ ընդամենը 1 տարի առաջ ընտրված համայնքապետը կարող է հրաժարական տալ, եթե այս վիճակը շարունակվի։ Սակայն, հաշվի առնելով, որ ՔՊ վարչության վերջին նիստի ժամանակ վարչությունը իր աջակցությունն է հայտնել Նիկողոսյանին, հրաժարական չի լինելու, կամ պայքարը ՔՊ-ի ներսում սրվելու է և բանը կհասնի ներթիմային բախման, կամ կրքերը, ինչպես ասում են, կհանդարտվեն, քանի որ վարչությունը՝ ի դեմս Փաշինյանի, հստակ մեսիջ հղեց, որ թևերի բաժանումը չի ողջունվում:

Մինչ ՔՊ-ականները զբաղված են դասական աթոռակռվով՝ քաղաքի խնդիրները, որոնք գնալով կուտակվում են, սպասում են իրենց լուծմանը: Ստացվում է, որ ՔՊ-ականները, թեև հաղթանակ են տարել Սպիտակում և ստացել են սպիտակցիների վստահության քվեն, այսօր հիասթափեցնում են այդ նույն սպիտակցիներին՝ ներքին գզվրտոցը նախընտրելով քաղաքի կենսական խնդիրները լուծելուց:

Չնայած ավագանու հետ ունեցած լարված հարաբերություններին՝ Քաջայր Նիկողոսյանը բավական ուշագրավ գնումներ է նախատեսել կատարել համայնքային բյուջեի հաշվին: Այսպես՝ 264 հազար և 600 հազար դրամ նախատեսված է ծախսել թուղթ ձեռք բերելու նպատակով, 400 հազար դրամով նախատեսվել է գնել քարտթրիջ, 300 հազար դրամի աղբի տոպրակի համար է նախատեսվել, 800 հազար դրամ բնակարանի վարձակալման համար, 2000000 դրամ համայնքապետարանի շենքի վերանորոգման նպատակով, 2600000 դրամ համակարգիչ ձեռք բերելու նպատակով, 112 հազար դրամ՝ մեխակ ձեռք բերելու նպատակով:

Իսկ ինչո՞վ է զբաղված և ինչ խնդիրների լուծմանն է լծված համայնքապետը: Համայնքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք,որ վերջին ամիսներին Նիկողոսյանը հասցրել է կանանց անակնկալ անել՝ մեկամսյակի կապակցությամբ, հանդիպել ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովին: Բացի այդ, Սպիտակի համայնքապետարանի միջոցներով համայնքի 4 բնակավայրերում՝ Նոր Խաչակապում, Քարաձորում, Լեռնանցքում և Արջհովիտում, երեկ տեղադրվել են նոր տաղավարներ: Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության, սպորտի, երիտասարդության և տուրիզմի բաժնի աշխատակիցներ՝ Լուսինե Աբրահամյանը, Լիանա Գրիգորյանը և Անուշ Վարդանյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նախաձեռնությամբ, ճանաչողական այցով հյուրընկալվել էին «Սպիտակի խնամքի տանը»։ Նախորդ տարվա նոյեմբերի 5-ին «Անդրանիկ Հակոբյան և ընկերներ» հիմնադիամի աջակցությամբ Սպիտակ համայնքի «Սպիտակի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում հանդիսավոր պայմաններում բացվեց Անդրանիկ Հակոբյանի անվան բռնցքամարտի բոլորովին նոր և վերանորոգված մարզադահլիճը, թե ինչ կապ ունի այս նախաձեռնության հետ համայնքապետարանը և ինչու է հպարտանում ասես, դա իր ձեռքբերումն է՝ հարց է: Միևնույն ժամանակ փաստենք, որ նախաձեռնությունն, անշուշտ, գովելի է: Թերևս այսքանը, ասվածին կարելի է միայն գումարել սուբվենցիոն ծրագրերը, որոնք, այսպես թե այնպես, պետք է իրականացվեին: